Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։
«Շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց վերջինիս իր պատասխանատու առաքելության մեջ: Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։
Նախարար Մնացականյանը նշեց, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը:
Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով»,- ասված է հաղորդագրությունում: