tert.am: Փետրվարի 17-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց մարդկանց նոր բազմություն է հավաքվել և պահանջում է չեղյալ հայտարարել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Պատգամավորության թեկնածուներ Խալիդ Բագիրովը, Բախտիար Հաջիևը, Նուրլանա Ջալիլը և այլ թեկնածուներ եկել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ և պահանջում են պատասխանել ընտրախախտումների մասին իրենց բողոքներին:
«Մեզահիր Փեհանով (Ադրբեջանի ԿԸՀ նախագահն է), ականջներիցդ հանիր խցանները և լսիր մեր պահանջները, պատասխանիր մեր բողոքներին»,-գոռացել է պատգամավորության թեկնածու Խալիդ Բագիրովը` կանգնած ԿԸՀ շենքի մուտքի մոտ:
Արագորեն ակցիայի վայր են ժամանել ոստիկանության օպերատիվ արձագանքման գնդի աշխատակիցները և հավաքվածներին կոչ են արել ցրվել: Սակայն, հակառակ ոստիկանների կոչին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց մարդկանց քանակը շատացել է, ժամանել են բազմաթիվ լրագրողներ:
Ժամը 16:00-ին սկսվել է ԿԸՀ հերթական նիստը, որը պետք է ուսումնասիրի ստացված բողոքները: