news.am: Անկարայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հասցեին հնչած սպառնալիքներն անօրինական են, ռուս դեսպանի դեմ տեղեկատվական արշավի եւ դրա հետեւանքների համար պատասխանատվություն պետք է կրի թուրքական կողմը: Այդ մասին այսօր տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես պարզապես ցանկանում եմ հիշեցնել բոլորին, այդ թվում՝ մեր գործընկերներին, որ ագրեսիայի եւ սպառնալիքի ցանկացած դրսեւորում սոցցանցերում կամ դիվանագիտական շենքի դիմաց ցույցի ժամանակ օրենքից դուրս է: Այդ պատճառով ուժերը, որոնք գործադրվել էին հասարակական գիտակցությունը լցնելու եւ այդ ագրեսիվ կարգախոսերը տարածելու համար, պետք է հասկանան՝ տեղեկատվական այդ արշավի եւ դրա հետեւանքների պատասխանատվությունը կկրի թուրքական կողմը»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ տվյալ դեպքում կան հիմքեր նախապատրաստված արշավի մասին խոսելու: «Ես չեմ կարող հստակ ասել՝ ով է կանգնած դրա հետեւում, սակայն ինձ մոտ տպավորություն է, որ այդ ազդեցությունն իրականում բեմականացված է: Պետք է հրաշալի հասկանալ՝ տվյալ դեպքում ես հղում եմ անում Անկարային, որ դա շատ վտանգավոր տենդենց է»,-հավելել է նա:
Դիվանագտական կառույցի ներկայացուցիչը հիշեցրել է 2016 թվականին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի ողբերգական սպանության մասին՝ նշելով, որ այդ գործով դատավճիռ դեռեւս չկա: «Այդ պատճառով այդ ֆոնին հատուկ ագրեսիա կոչ անելը եւ այսպիսի հույզեր հրահրելը, համարում եմ, որ չափազանց վտանգավոր է»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել էր, որ սկսել է սպառնալիքներ ստանալ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացման պատճառով, իսկ ՌԴ-ն Թուրքիայից ակնկալում է ռուս դիվանագետների անվտագության ապահովումը: