Այսօր mamul.am կայքում տեղ է գտել «Գռզոյի «Հայէկոնոմբանկ»-ը քաղաքացիներից պահանջում է վարկերը վճարել ժամանակին» վերնագրով հրապարակում, որում նշվում է, որ, չնայած «Հայէկոնոմբանկ»-ը սույն թվականի մարտի 16-ին հայտարարել է, որ մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չի կիրառի և չի համարի պայմանագրային պարտավորությունների չկատարում, այնուամենայնիվ բանկի աշխատակիցները զանգում են վարկառուներին և հիշեցնում, որ վարկերի վճարումների օրն է և պետք է կատարել վճարումները։
Վերոնշյալ տեղեկությունը պարզելու համար կապ հաստատեցինք «Հայէկոնոմբանկ»-ի հետ։ Բանկի աշխատակիցն ասաց, որ համապատասխան մասնաճյուղի համապատասխան աշխատակիցներ զանգում են իրենց հաճախորդներին՝ համենայն դեպս ստուգելու՝ արդյոք հնարավորություն ունեն։
«Եթե հնարավորություն ունեն, թող վճարում կատարեն, եթե ոչ՝ ուշացում չի համարվում»,-մասնավորապես նշեց աշխատակիցը։
Նա նաև հավելեց, որ կորպորատիվ հաճախորդների դեպքում իրականացվում է անհատական մոտեցում։
Նշենք նաև, որ բանկն իր մարտի 16-ի հայտարարության մեջ ևս անդրադարձել էր հնարավորության դեպքում վճարումներ կատարելուն՝ նշելով հետևյալը․
«Այդուհանդերձ, եկամուտ ունեցող վարկառուներին հորդորում ենք կատարել վարկերի հերթական մարումները՝ համաձայն գործող ժամանակացույցի՝ խուսափելով կուտակված վարկային պարտավորությունների հետագա բեռից»:
Այսպիսով, չնայած նրան, որ mamul.am-ի հրապարակումը՝ բանկի աշխատակիցների կողմից իրականացվող զանգերի մասով ճիշտ է, սակայն այն, որ բանկը չի կատարում իր հայտարարածը սխալ է, քանի որ չվճարելու դեպքում մինչև 17-ը տույժեր չեն կիրառվելու, իսկ աշխատակիցների կողմից իրականացվող զանգերը պարտադրանքի համատեքստում չեն։