Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց կառավարության կողմից ներկայացված՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման» մասին օրենքում փոփոխությունների կատարելու նախագիծը:
Օրինագծով նախատեսվում է արգելել այն հիվանդների դիահերձումը, որոնք մահացել են կորոնավիրուսի հետեւանքով: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր ստացել մարտի 30-ին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է, ըստ բժշկական փաստաթղթերի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում։
Սակայն, ըստ Առողջապայության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2020 թվականի մարտի 24-ին հրապարակված ուղեցույցի՝ մինչ այդ օրը դեպք չի գրանցվել, երբ կորոնավիրուսը փոխանցվել է դիակից։
Ուղեցույցում նշվում է, որ բացի հեմոռագիկ վիրուսային հիվանդությունների (օր․՝ էբոլա, մարբուրգ) և ժանտախտի դեպքերից, մնացած դեպքերում դիակները հիմնականում վարակիչ չեն։ Միայն գրիպով վարակված պացիենտի թոքերի ոչ ճիշտ դիահերձման դեպքում կարող է վարակը փոխանցվել։
ԱՀԿ ուղեցույցում նշվում է, որ այն պնդումը,ըստ որի մարդիկ, որոնք մահացել են վարակիչ հիվանդություններից, պետք է դիակիզվեն, հասարակ միֆ է։ Դիակիզումը մշակութային առանձնահատկությամբ և ռեսուրսների հասանելիությամբ պայմանավորված ընտրություն է։
Ուղեցույցում անդրադարձ է կատարվում նաև դիահերձողների հանդերձանքին և դիահերձման գործընթացին։
Նշվում է, որ դիահերձողները պետք է ունենան ձեռնոցներ, համապատասխան անթափանց, մենանգամյա օգտագործման հագուստ, բժշկական դիմակ, աչքերի պաշտպանիչ միջոցներ։
Չնայած նրան, որ ԱՀԿ-ի կողմից վերոնշյալ հիգիենայի միջոցառումները սահմանվել են դեռևս 2007 թվականին, սակայն նախագծում կառավարությունը նշում է Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ եւ չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:
Ինչպես տեսնում ենք միջազգային ստանդարտ որպես այդպիսին ԱՀԿ-ի կողմից սահմանված չէ կորոնավիրուսով վարակակիր անձանց հերձում իրականացնելու համար, իսկ նախագծում նշված հերձում իրականացնելու հնարավորություն չունենալու հիմնավորումը առնվազն զարմանալի է՝ հաշվի առնելով ԱՀԿ ուղեցույցում նշված կանխարգելիչ միջոցառումների բնույթը։
Արփի Ավետիսյան