Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելը թույլ է տալու ամբողջապես ծավալել կանխարգելման ու մեկուսացման աշխատանքները։
«Մեր նպատակն է այս տեխնոլոգիաները հնարավորինս զարգացնելուն համահունչ ավելացնել թեստավորման քանակները և հնարավորինս նվազեցնել սահմանափակումները»,- ասաց նա։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս շաբաթվա սահմանափակումները ամենացայտուն կերպով տեսանելի են եղել կիրակի օրը։ Այդ օրը գրանցվել է բացառիկ ցուցանիշ մարդկանց տեղաշարժի առումով, որը, ըստ Ավինյանի, վարակի տարածման կանխարգելման առումով շատ դրական դեր ունի։
«Մենք ունենք մի հավելված, որի միջոցով ինքնամեկուսացված անձին գալու է sms հաղորդագրություն, որը պարունակելու է հղում։ Հղմանը սեղմելով՝ անձը պետք է հաստատի, որ դա ինքն է, դեմքը ճանաչելու գործիք կա, սմարթֆոններով կարող է ապահովվել։ Նաև մարդու տեղադիրքն ուղարկվելու է համակարգին»,- ասաց նա։։
Ավինյանի խոսքով՝ սա գործիքներից մեկն է, որով պետք է խստագույնս պահպանվի ինքնամեկուսացման ռեժիմը։
«Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման և անձնանց մեկուսացման աշխատանքները կարողանանք իդեալական իրականացնել»,- ասաց նա։