Պետք է ոչ թե կոշտ, չոր կամ փափուկ աշխատել, այլ Հայաստանում պետք է հաստատվի օրենքի իշխանություն եւ օրենքի գերակայություն: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ի պատասխան քաղաքացու հարցի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դատաիրավական համակարգը պետք է լիարժեք արդյունավետ աշխատի: Ուժային մարմինները որտեղ պետք է՝ լինեն կոշտ, որտեղ պետք է՝ մեղմ: Մենք այդ ճանապարհով գնում ենք: Ոմանք մեզ մեղադրում են փափուկ աշխատելու մեջ, ոմանք էլ շատ կոշտ աշխատելու մեջ, ոմանք մեղադրում են չափից ավելի կոշտ աշխատելու մեջ: Բայց այս բոլորի ճիշտ համաձայնեցումը օրենքն ու իրավունքը, արդյունավետ իրավապահ համակարգը, արդյունավետ դատական համակարգն են»,- ասաց Փաշինյանը:
Օգտատիրոջ հարցին, թե թավիշը ե՞րբ է պակասելու, որը շատերն ընդունում են որպես թուլություն, Փաշինյանն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ, որ երկրում պետք է լինի լավ մթնոլորտ: Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ պետք է շարունակենք այդպիսին մնալ: Մենք չենք եղել եւ չենք լինելու դիկտատուրա, բայց կարծում եմ՝ իշխանությունը պետք է լինի կոշտ, ինչը հավասար է օրինականին: Օրենքից ավելի կոշտ կամ պակաս կոշտ պետք չէ լինել։ Ցավոք, մեր օրենքի կիրառումը բավարար չափով արդյունավետ չէ, բայց համոզված եղեք՝ կդարձնենք արդյունավետ»,- եզրափակեց վարչապետը: