armenpress.am: Հայաստանում գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամը ազատ միջոց չէ, և, հետևաբար, կառավարությունը չունի այդքան ազատ միջոցներ:
Այս մասին վստահեցրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2020 թվակաի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:
Թունյանը նշեց՝ իր գործընկերները կարծում են, թե կառավարությունը մոտ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ ունի, և այդ գումարից մոտ 100 մլրդ դրամը կարելի է բաժանել տարբեր ընտանիքների: Նա հետաքրքրվեց, թե այդ ինչ գումար է:
Արձագանգելով՝ Ջանջուղազյանը նշեց՝ վստահ չէ, որ իր համար լիարժեքորեն պարզ է, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը: «Բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 մլրդ դրամի մասին է: Պետք է նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Դրա հետ կապված պարզաբանումը շատ մանրամասն ներկայացվել է: Գանձապետական միասնական հաշիվը, գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ, 1996-ից սկսած, պարբերաբար իր մեջ համախմբել է պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Եվ այն հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները: Դա ամենևին չի նշանակում, թե դրանք ազատ են և ժամանակի որևէ պահին կարող է օգտագործվել ցանկացած ուղղությամբ»,-ասաց նախարարը:
Գանձապետական միասնական հաշվի մնացորդի մաս է, օրինակ, հարկերի միասնական հաշիվը, որի մնացորդը հարկ վճարողների կողմից վճարված, բայց դեռևս հաշվետվություններով չհիմնավորված և, հետևաբար, հարկ վճարողին պատկանող միջոց է: Դրա մաս են նաև համայնքների բյուջեներին պատկանող միջոցները, որոնց ամբողջ շրջանառումը կազմակերպվում է գանձնապետական միասնական հաշվի միջոցով: Ջանջուղազյանը նշեց՝ հետևաբար կառավարությունը չի կարող օգտագործել համայնքին, ՏԻՄ-ին պատկանող դրամական միջոցները:
Նա շեշտեց՝ կառավարությունը չունի 300 մլրդ դրամ ազատ մնացորդ: Եվ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի փոփոխության նախագծով հենց նախատեսվում է, որ պարտք կներգրավվի, և պարտաքին ցուցանիշները կփոխվեն: