Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հետ:
Գործընկերոջ խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ստեղծված լարվածության շուրջ վերջին զարգացումները: Զոհրաբ Մնացականյանը Լինաս Լինկևիչուսին մանրամասներ հաղորդեց ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվեց կայուն հրադադարի պահպանման և լարվածության նվազման անհրաժեշտությունը:
Ստեղծված իրավիճակում ՀՀ արտգործնախարարն առանձնահատուկ կարևորեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանումը և միջազգային համայնքի բոլոր անդամների կողմից պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը: