shantnews.am: «Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հօգուտ հակամարտության դեէսկալացիայի»,- լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր դիրքորոշումը կոնկրետ է. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին. փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նա՝ նշելով, որ ՌԴ-ի խնդիրն է միջնորդի կարգավիճակում կողմերի համար ընդունելի խաղաղ կարգավորման հասնելու պայմաններ ստեղծելը։
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ ՌԴ-ն անում է ամեն ինչ, այդ թվում` համագործակցելով ՄԽ-ի մյուս համանախագահների հետ, որպեսզի էսկալացիան դադարեցվի, կողմերը կարողանան վերադառնալ բանակցային սեղան՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,- նշել է Կոպիրկինը։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ակտիվ կապ է պահպանում կողմերի հետ։ «Արվում է ամեն բան, որ լինեն խաղաղ բանակցություններ և թույլ չտրվեն այլ ապակայունացնող ազդեցություններ դրսից»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա դեսպանն ընդգծել է, որ եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը ռազմական գործողությունները դադարեցնելու կոնկրետ ազդակներով։