Հայկական լրատվական դաշտում տարածվում է մի հոդված, ըստ որի՝ Եգիպտոսը հայտարարել է միջազգային հակաթուրքական դաշինքի ստեղծման մասին։ Կայքերը հղում են կատարում Al-Monitor միջազգային լրատվակայքին։
Al-Monitor-ն այս մասին իսկապես հայտնել է, սակայն դեռ այս տարվա մայիսի 31-ին։ Այսինքն՝ լուրի իսկությունը ճիշտ է, բայց այն նոր չէ։
InfoPort լրատվականն իր հրապարակման մեջ հղում է արել նաեւ Razminfo կայքին, բայց վերջինս էլ այն հրապարակել է այս տարվա հունիսի 2-ին։
Սակայն երբ լրատվամիջոցները այն տարածում են արցախա-ադրբեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողությունների եւ այս ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական միջազգային նոր կոալիցիա ստեղծելու կոչի, ապաեւ Արցախի խորհրդարանի՝ համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն ստեղծելու կոչի ֆոնին, կարող է սխալ տպավորությունների եւ ենթադրությունների առիթ տալ։
Ընդ որում, Al-Monitori այդ հոդվածում խոսք անգամ չկա Հայաստանի կամ Արցախի մասին։ Հոդվածում, որը հայաստանյան ու արցախյան լրատվականներում տարածվել էր դեռեւս հունիսին, խոսվում է այն մասին, որ Եգիպտոսը հայտնել է Լիբիայում եւ Միջերկրական ծովում Թուրքիայի սադրիչ գործողություններին դիմակայելու նպատակով Հունաստանի, Կիպրոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք ստեղծելու մասին։
Նշված է, որ հնգակողմ դաշինքը հայտնել է, որ կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական ապօրինի հորատման աշխատանքներին դիմակայելու վրա, ինչպես նաեւ քննադատել է Հունաստանի օդային տարածքի խախտումները: Դաշինքը քննադատում է նաեւ Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) եւ Թուրքիայի միջեւ 2019 թ. վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ» եւ «Անվտանգության եւ ռազմական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրերը։
Հայարփի Բաղդասարյան