armtimes.com: Հայկական պատվիրակության նպատակն է եղել հայ ռազմագերիների թեման դարձնել քննարկման առարկա ԵԽԽՎ-ի բոլոր հնարավոր մակարդակներում և կարծում եմ՝ մեզ դա հաջողվել է։ Մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նավալնիի հարցն է առաջնահերթություն լինելու պատվիրակների կամ պատվիրակությունների մեծամասնության համար, և նույնիսկ դա իմանալով մենք ռազմագերիների քննարկման հարցը մտցրել ենք օրակարգ՝ որպես ևս մեկ միջոց նույնիսկ մերժման դեպքում հարցը քննարկման առարկա դարձնելու համար»,-հավելեց նա։
Հարցին, թե ինչու էր միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ ակցիա իրականացնում, Ռուբինյանը նշեց․ «Պարոն Մարուքյանը ինքն է մեկնաբանել իր ակցիան՝ ասելով, որ որևէ տարբերություն չկա, թե պատվիրակության որ անդամն է ինչ ակցիա անում։ Կա պատվիրակություն, որի տարբեր անդամներ տարբեր գործառույթներ են իրականացնում»։
Պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ հավելեց, որ նախաձեռնությունը Մարուքյանինն էլ եղել, բայց ակցիան միասին են իրականացրել։ «Պետք է միշտ հաշվի առնել, որ անկախ մեր տարաձայնություններից, արտաքին ճակատում մենք միշտ հանդես ենք գալու միասնական, որովհետև խոսքը մեր պետության շահի մասին է, և պետության առջև ծառացած խնդիրները հավուր պատշաճի ներկայացնելու մասին է։ Այստեղ, կարծում եմ՝ քաղաքական հայացքների տարբերությունը շատ ավելի երկրորդական է»։