armenpress.am: Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան կոչ է արել չմոռանալ 106 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին՝ Օսմանյան կայսրությանն ու նրա դաշնակիցներին: Այս մասին Աիրոլան ասել է իր տեսաուղերձում, նշելով, որ ինքը հայ ժողովրդի կողքին է:
«Կայսրություն, ազգ և ազգայնականություն, կեղծավորություն, իշխանություն, որի զոհն է դարձել մարդկությունը՝ թափելով անմեղության արյուն և թաղվելով մութ պատմության մեջ հավերժ ջնջելու համար հիշողությունը։ Ես չեմ թվի այն երկրների ցանկը, որոնց պահանջվեց 106 տարի արտաբերելու ցեղասպանություն բառը և պաշտոնապես ճանաչելու այն: Այսօր, այդ զոհերն անխնա նայում են մեր աչքերի մեջ և լուսավորում են մեզ հայերի հանդեպ կատարած ցեղասպանության 106-րդ տարելիցի և նախկին ոճրագործությունների առիթով։ Այսօր անզեն տղամարդկանց, կանանց և երեխաների հանդեպ կատարած անմարդկային դաժանությունների հիշատակման օր է»,- նշել է Աիրոլան:
Իտալիայի Սենատի անդամը հավելել է, որ այսօր, վաղը և գալիք օրերին աշխարհը չպետք է մոռանա կազմակերպիչներին՝ Օսմանյան Կայսրությանը և դաշնակիցներին։
«Մի ոճրագործություն, որը մեզ ցույց է տալիս՝ ինչպես կանխամտածված կերպով բնաջնջել մարդկանց։ Նույնը տեղի է ունեցել հոլոքոստի և մարդկության դեմ այլ հանցագործությունների դեպքում։ Մենք հայ ժողովրդի հետ ենք հոգով և սրտով, բայց նաև այն վճռականությամբ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ նմանատիպ հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն՝ հանուն խաղաղության և ինքնահարգանքի»,- եզրափակել է Իտալիայի Սենատի անդամը: