tert.am: Թբիլիսիում օրեր շարունակ տեղի ունեցած ցույցերի ժամանակ գանգուղեղի ծանր վնասվածք ստացած հայ ցուցարար Դավիթ Գրիգորյանի գտնվելու վայրն ու նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները թաքուն են պահվել: Նման հայտարարություն է տարածել «Միասնական ազգային շարժման» քաղխորհրդի անդամ Խաթիա Դեկանոիձեն` պահանջելով փորձաքննություն անցկացնել: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:
Դեկանոիձեն նշել է, որ ցույցերի 20-րդ օրը Գրիգորյանը վիրավորվել է, սակայն դեռ պետք է պարզվի, հատուկ ջոկատայիններն ինչպե՞ս են կրակել նրա ուղղությամբ: Հայ ցուցարարի վիճակը ծանր է: Նա ստացել է գանգուղեղային վնասվածք, իսկ ռեզինե փամփուշտն իրավապահ մարմինները Գրիգորյանի գլխից հանել են տեղում` հետքերը թաքցնելու նպատակով:
«Պետք է փորձաքննություն անցկացնել, քանի որ իրականությունն այն է, որ Գրիգորյանին տեղափոխել են Ալադաշվիլիի հիվանդանոց` գլխի ծանր վնասվածքով: Բժիշկներն ասում են, որ մարդը նման վնասվածք կարող է լինել միայն կրակոցի հետևանքով: Ուստի փորձաքննությունը ոչ միայն նպատակային է, այլև պարտադիր»,- նշել է նա: