armtimes.com։ Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստների:
Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։
Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Հայկ Ղազարյանին, ԴավիթՄարիկյանին, Կարեն Մուրադյանին, Տիգրան Կանդիկյանին, Արսեն Բեգլարյանին եւ Սարգիս Ադամյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
Նրանք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի թիմում: Կառավարությունը կարեւորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրեց նաև Հայաստանում հանդես եկող մի շարք բասկետբոլիստների:
Տարկետում ստացած մարզիկներն են Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Անդրե Մ Քորիի Սփայթը, Արկադի Մկրտիչյանը, Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին, Արամ Սերոպ Արսլանյանը, Կրիկոր Էնթոնի Կուրդօղլյանը, Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Մադոյանը, Կարրեն Գարի Գրիգոր Չիվիչյանը, Գաբրիել Հակոբ Աճեմյանն ու Մահրան Ներսեսը։