Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

2020-ի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց «Պֆայզեր» պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում  COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար: 2021-ի ապրիլի 30-ին էլ ԱՀԿ-ն հաստատեց «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառումը։

Ի տարբերություն կորոնավիրուսային հիանդության դեմ մյուս պատվաստանյութերի՝ այս երկու պատվաստանյութերը պատրաստված են նոր տեխնոլոգիայով և կոչվում են ի-ՌՆԹ պատվաստանյութեր։ Թերևս սա է պատճառը, որ  «Պֆայզերի» ու «Մոդեռնայի» մասին սոցիալական ցանցերում, սունկ կայքերում բազմաթիվ միֆեր են տարածվում․ օրինակ՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերն ազդում են մեր ԴՆԹ-ի վրա և փոխում մեր գեները, ի-ՌՆԹ-ով պատվաստված մարդիկ գենետիկորեն փոփոխված երեխաներ են ունենում։ 

Որպեսզի պարզ լինի, թե ինչու ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող ազդել մեր ԴՆԹ-ի վրա և փոխել մեր գեները կամ էլ գենետիկորեն փոխված երեխաների ծնվելու պատճառ դառնալ, պետք է իմանալ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ․

  • ինչպե՞ս է կորոնավիրուսային վարակ առաջացնող վիրուսը՝ SARS-CoV-2-ը, թափանցում մեր բջիջներ,
  • ինչպե՞ս են ի-ՌՆԹ պատվաստանյութերը պայքարում կորոնավիրուսի դեմ,
  • ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն, ի՞նչ գործառույթներ են կատարում ինֆորմացիոն ՌՆԹ-ները կամ ի-ՌՆԹ-ները։

Ինչպե՞ս է կորոնավիրուսը թափանցում բջիջ․ ինչո՞ւ են անհրաժեշտ պատվաստանյութերը

Կորոնավիրուսի մակերեսին կան մի քանի տեսակի սպիտակուցներ։ Այս սպիտակուցներից մեկը կոչվում է S սպիտակուց (spike protein)։ S սպիտակուցների օգնությամբ է վիրուսը կարողանում ներթափանցել բջիջ և վարակել այն։ Բնական ճանապարհով վարակվելիս մեր օրգանիզմն S սպիտակուցների դեմ հակամարմիններ է արտադրում։ Պատվաստանյութերի նպատակն էլ այդ սպիտակուցների դեմ հակամարմիններ առաջացնելն է, որպեսզի հետագայում, երբ բնական ճանապարհով վարակվենք, մեր օրգանիզմն արդեն ունենա պատրաստի հակամարմիններ և ավելի արդյունավետ պայքարի վիրուսի դեմ։

 

Ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն

Մեր օրգանիզմում կան սպիտակուցների բազմաթիվ տեսակներ, որոնք տարբեր գործառույթներ ունեն (օրինակ` սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակությանը, ունեն կառուցվածքային նշանակություն, քանի որ մեր բջիջների որոշ հատվածներ կազմված են սպիտակուցներից և այլն)։

Բջջի ներսում կա օրգանիզմի համար կարևորագույն նշանակություն ունեցող ևս մի մոլեկուլ, որը կոչվում է դեզօքսիռիբոնուկլեինաթթու կամ կարճ՝ ԴՆԹ։ ԴՆԹ-ն պարունակում է տեղեկություն սպիտակուցների կառուցվածքի մասին, այսինքն՝ որպեսզի մեր բջիջներում ստեղծվեն սպիտակուցներ, նախ պետք է «կարդալ» սպիտակուցի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը։

Բայց քանի որ ԴՆԹ-ները գտնվում են հիմնականում բջջի կորիզում, իսկ սպիտակուցների սինթեզն իրականացվում է բջջի այլ հատվածում, անհրաժեշտ է, որ ԴՆԹ-ում պահվող կամ «կոդավորված» տեղեկությունը դուրս գա կորիզից ու հասնի այնտեղ, որտեղ սինթեզվում են սպիտակուցները։

Հենց այստեղ էլ օգնության են հասնում ռիբոնուկլեինաթթու կամ ՌՆԹ կոչվող մոլեկուլները։ Կան ՌՆԹ-ի մի քանի տեսակներ, որոնք օրգանիզմում տարբեր գործառույթներ են կատարում։ Անդրադառնանք միայն ինֆորմացիոն ՌՆԹ-ներին կամ ի-ՌՆԹ-ներին։ Վերջիններս ձևավորվում են բջջի կորիզում, «արտագրում» կամ «պատճենում» են սպիտակուցների կառուցվածքի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը և դուրս գալիս կորիզից։ Այնուհետև ի-ՌՆԹ-ները հասնում են բջջի համապատասխան հատված և հրահանգներ են տալիս, թե ինչպես պիտի ձևավորվի այս կամ այն տեսակի սիպատակուցը։ Հենց այդպես էլ մեր օրգանիզմում տեղի է ունենում սպիտակուցների սինթեզը։ Ի-ՌՆԹ-ները սովորաբար երկար կյանք չեն ունենում և հեշտ քայքայվում են։

 

Ինչպե՞ս են աշխատում ի-ՌՆԹ պատվաստանյութերը

Հիմա, երբ արդեն լավ պատկերացնում ենք, թե ինչ գործառույթներ են կատարում ԴՆԹ-ն,  ի-ՌՆԹ-ն, ինչպես նաև գիտենք, թե ինչպես է վիրուսը վարակում բջիջները, շատ ավելի լավ կհասկանանք, թե ինչ են անում ի-ՌՆԹ պատվաստանյութերը, երբ հասնում են մեր բջիջներին։

Ի-ՌՆԹ պատվաստանյութերն ունեն հետևյալ կառուցվածքը․ կենտրոնում ի-ՌՆԹ-ն է, որը պատված է լիպիդների շատ փոքրիկ մասնիկներով (նանոմասնիկներով)։ Լիպիդները քիմիական կառուցվածքով ճարպերին նման նյութեր են, որոնք ի-ՌՆԹ մոլեկուլի համար կարծես «փոխադրամիջոց» լինեն․ դրանք պաշտպանում են ի-ՌՆԹ-ն, մինչև պատվաստանյութը ներթափանցում է բջիջ և կատարում իր գործը։

Պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն պարունակում է տեղեկություն S սպիտակուցի կառուցվածքի մասին։ Սա, հիշեցնենք, այն սպիտակուցն է, որի միջոցով վիրուսը թափանցում է մեր բջիջներ, և որի դեմ մեր օրգանիզմը բնական ճանապարհով վարակվելիս հակամարմիններ է արտադրում։ 

Հայտնվելով մեր բջիջներում՝ ի-ՌՆԹ-ն համապատասխան «կարգավորումներ» է տալիս, որից հետո բջիջը սկսում է սինթեզել S սպիտակուցներ (կամ S սպիտակուցի որևէ հատված) և այդ սպիտակուցները դուրս հանել բջջից։ 

Մեր օրգանիզմը հասկանում է, որ դրանք օտար սպիտակուցներ են, և սկսում է հակամարմիններ արտադրել։ Այդպես մեզ մոտ իմունիտետ է ձևավորվում։ Երբ բնական ճանապարհով վարակվենք և կորոնավիրուսի մակերեսի S սպիտակուցները մոտենան մեր բջիջներին, օրգանիզմը կճանաչի դրանք, և սպիտակուցի դեմ պատվաստանյութի օգնությամբ արդեն ձևավորված հակամարմինները գործի կանցնեն՝ պայքարելով վիրուսի դեմ։

Ի տարբերություն ի-ՌՆԹ պատվաստանյութերի՝ մյուս պատվաստանյութերը պարունակում են S սպիտակուցի որևէ անվնաս հատված, որն էլ մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերը, փաստորեն, «հրահանգներ են տալիս», որոնց օգնությամբ մեր օրգանիզմն ինքն է սինթեզում S սպիտակուցներ։

Կարևոր է հիշել, որ պատվաստանյութի սինթետիկ ի-ՌՆԹ-ն ունի նույն հատկությունները, ինչ մեր բջիջների ի-ՌՆԹ-ն, այսինքն՝ այն չի կարող վնասել մեր ԴՆԹ-ն և փոխել մեր գեները, որոնցից յուրաքանչյուրը ԴՆԹ մոլեկուլի մի որևէ հատված է։ Ավելին, հենց պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն տալիս է անհրաժեշտ կարգավորումներն ու ավարտում գործը, մեր բջիջները հեշտությամբ քայքայում և դուրս են հանում այն։ Ի-ՌՆԹ-ն չի հասնում բջջի կորիզ, որտեղ գտնվում է ԴՆԹ-ն։

Հետևաբար, անհիմն են այն պնդումները, թե պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն կարող է հասնել բջջի կորիզ, վնասել ԴՆԹ-ն, փոխել մեր գեները կամ պատճառ դառնալ, որ պատվաստված մարդիկ գենափոխված  երեխաներ ունենան։

Աննա Սահակյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“As the queue reached me, the bread had already run out. I bought watermelon to eat instead of bread” [Blockade from the inside]

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.