tert.am: Վրաստանի հոգևորականության ներկայացուցիչները և ԼԳԲՏ միջոցառումների դեմ հանդես եկող ոչ կառավարական կազմակերպությունների անդամները և երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները չեն կարողանում կիսել իրենց ցույցերի վայրը Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի առջև, հայտնում է ria.ru-ի թղթակիցը:
Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիաները շարունակվել են ամբողջ գիշեր։ Այս պահին խորհրդարանի շենքի առջև իրենց բողոքն են արտահայտում հոգևորականներն ու ՀԿ-ների անդամները, որոնք երկուշաբթի օրվանից պահանջում են արգելել ԼԳԲՏ համայնքի բոլոր միջոցառումները: Չեն պատրաստվում ցրվել նաև Գախարիայի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցները։
«Մենք կանգնել ենք ողջ գիշեր և ցրվելու մտադրություն չունենք: Մեր գործողությունների քսաներորդ օրը մենք հանդես ենք գալիս միևնույն պահանջով՝ ներքին գործերի նախարարի հրաժարականը: Սակայն մեզ պետք է վերադարձնեն խորհրդարանի շենքի առաջ մեր տեղը»,-հայտնել է ցույցի մասնակիցներից մեկը: