Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կիրականացվեն: Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 10-ի նիստում։
Վարժական հավաքներին կներգրավվի 724 քաղաքացի, որոնցից 566-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքներին կներգրավվեն՝
- մոտոհրաձգային մասնագիտություններով՝ մինչև 72 պահեստազորային,
- հրթիռահրետանային մասնագիտություններով՝ մինչև 469 պահեստազորային,
- հետախուզական մասնագիտություններով՝ մինչև 32 պահեստազորային,
- ինժեներական մասնագիտություններով՝ մինչև 31 պահեստազորային,
- տեխնիկական մասնագիտություններով՝ մինչև 73 պահեստազորային,
- թիկունքային մասնագիտություններով՝ մինչև 47 պահեստազորային։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Հավաքներին կներգրավեն մինչև 1400 քաղաքացու, որոնցից 1205-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպայական կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Բացի այդ, վարժական հավաքների ապահովման համար երեք ամսով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 136 միավոր տրանսպորտային միջոց։
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, կնքված պայմանագրի համաձայն՝ մարտական հերթապահության ներգրավման նպատակով: