news.am: Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել. այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան. Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, դասախոսություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության, կիրականացնեն այս կամ այն ակցիան:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Արթուր Վանեցյանը նախ հիշեցրեց թուրքական իշխանությունների հայտարարությունները, ըստ որի, եթե հայերն ուզում են կարգավորել հարաբերությունները, պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։
«Առհասարակ խոսվում է այն մասին, ոչ ուղիղ տեքստով, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է ու անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման այդ փոփոխությունը կանեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նրա խոսքով, այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. «Արված է մեկ քայլ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։ Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անել»,- ասաց Վանեցյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ կարևորում է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։