tert.am: Ռուսական իշխանություններն առայժմ որևէ գնահատական չեն տա Ուկրաինայի նախագահական ընտրություններին և մտադիր են սպասել քվեարկության երկրորդ փուլի արդյունքներին: Այդ մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
«Ուկրաինայում նախագահական ընտրությունները չեն ավարտվել, առջևում երկրորդ փուլն է, այդ իսկ պատճառով առայժմ եզրահանգումներ անելը դեռ վաղ է, պետք է սպասել»,-նշել է Պեսկովը:
Նա չի խոսել նաև առաջին փուլում առաջատար թեկնածու Վլադիմիր Զելենսկիի գրանցած արդյունքների մասին վերաբերմունքի շուրջ:
«Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, չի կայացել երկրորդ փուլը, և պարզ չէ հաղթողը, այդ մասին խոսելը վաղ ենք համարում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ Մոսկվան թեկնածուներից ոչ ոքի չի շնորհավորի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու առթիվ:
«Քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, երկրորդ փուլ անցնելու առթիվ շնորհավորելը, հավանաբար, ճիշտ չի լինի, այդ իսկ պատճառով, բնականաբար, դրա մասին խոսք չկա, որովհետև Ուկրաինայում ընտրությունների հաղթողը դեռ պարզ չէ»,-ասել է Պեսկովը: