amerikayidzayn.com։ Ադրբեջանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությանն այն մասին, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպվում է՝ վերածվելով «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» թեզի։ Ադրբեջանում այդ հայտարարությունը որակել են «ագրեսորական և նվաճողական»։
«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ «ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ»: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները: