Հովակիմ Զաքարյանը բակալավրիատում սովորելու տարիներին հետաքրքրված էր ցողունային բջիջներով (սրանք չտարբերակված բջիջներ են, որոնք ունեն տարբեր տեսակի մասնագիտացված բջիջների վերածվելու եզակի հատկություն)։ 2000-ականների սկզբին Հայաստանի գիտական ինստիտուտներում ցողունային բջիջների ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խմբեր ու լաբորատորիաներ գտնել Հովակիմին չհաջողվեց, փոխարենը նա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում բացահայտեց մի լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին սովորական բջիջներ ու վիրուսներ։ Հենց այդ լաբորատորիայում աշխատելու տարիներին էլ նրան սկսեցին հետաքրքրել վիրուսները։
Այս հետաքրքրությունը մեծացավ, երբ Հովակիմը մեկնեց նախ Գերմանիա՝ Մոլեկուլային և կլինիկական վիրուսաբանության ինստիտուտ, ապա Իսպանիա՝ Սևերո Օչոայի անվան մոլեկուլային կենսաբանության կենտրոն։ Երկու գիտական կենտրոններում էլ նա զբաղվում էր վիրուսների ուսումնասիրությամբ։
« Վերադառնալ բառարան