Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատ) վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ ՀՀ-ին նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ-ի հուլիսին Նուր-Սուլթանում։ Դրանով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության պայմանները՝ Հայաստանին այն ապրանքների մատակարարման անռչությամբ, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 27-րդ խմբում՝ բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի և ածխի։
«Համաձայնագրով նախատեսվում է․ արտահանման մաքսատուրքերի չգանձում այն ապրանքների համար, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում ներքին սպառման համար այն ծավալներով, որոնք նախատեսված են ինդիկատիվ բալանսներով; սահմանված ապրանքների մատակարարման արգելք, որոնք ցանկով հաստատված չեն, ինչպես նաև նախատեսված չեն ինդիկատիվ բալանսներով», – ասված է Ղազախստանի Սենատի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության հարցերով կոմիտեի եզրակացությունում։
Ընդ որում, սահմանված ապրանքները, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում, չեն կարող արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Այս պարտավորության խախտման փաստերի հայտնաբերման դեպքում ղազախական կողմն իրեն իրավունք է վերապահում արգելելու կամ կասեցնելու նշված ապրանքների՝ առանց մաքսատուրքի մատակարարումները։
Սենատում համաձայնագրի վավերացումից հետո այն կներկայացվի Ղազախստանի նախագահի ստորագրմանը։
Նորա Վանյան