ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում:
Նույն որոշմամբ հստակեցվել են նաև հիվանդությունների նկարագրություններում և հակացուցված զինծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:
Նախագիծը ՀՀ կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ցանկում նշված հիվանդությունների դեպքերում քաղաքացուն բուժման նպատակով տրվում է տարկետում, և բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ բուժման նպատակով տարկետում ստացած քաղաքացիներին տարկետման ժամկետի ավարտից հետո նույն ախտաբանական վիճակ ունենալու պարագայում կրկին տրվում է տարկետում, որը չի դառնում նպատակային՝ բուժումների բացակայության պատճառով:
Պապիկյանը նշեց, որ առաջարկում են մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չաձանագրվելուց հետո զինակոչիկին ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի:
Պապիկյանի խոսքով մեկ տարով տարկետման ընթացքում պետք է տեսանելի դառնա՝ զինակոչիկի մոտ հիվանդությունը բարդանո՞ւմ է, թե՞ ոչ:
Նշելով, որ 1 տարվա ընթացքում հիվանդության բարդանալու դեպքում զինակոչիկը պետք է ազատվի զինծառայությունից, պաշտպանության նախարարն ավելացրեց. «Լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է 1 տարվա ընթքացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը, և սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ սա ևս մեկ սողանցք է՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»:
Այն դեպքում էլ, երբ զորակոչիկը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինծառայության համար, և նախատեսված են որոշակի գործառույթների հակացուցումներ, դրանց հետ կապված ծառայության ընթացքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր կոնկրետ վիճակով այդ առողջական խնդրի դրսևորման ձևերը տարբեր են, այդ թվում նաև՝ հակացուցման անհրաժեշտության բացակայությամբ։
Պապիկյանն ընդգծեց, որ այս փոփոխությունով վերականգնում են արդարությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում հավանություն են տվել Բանակի կերպափոխման հայեցակարգին:
«Կարծում եմ՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է կերպափոխվի նաև բանակի ընկկալումը, այդ թվում՝ ֆունկցիոնալ նշանակության առումով:
Միաժամանակ Փաշինյանը վերահաստատեց, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է՝ նաև «հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով»:
Փաշինյանը նկատեց, որ բանակի նկատմամբ դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, և պարզվում է՝ պատճառը ամենատարբեր առողջական խնդիրներն են:
«Այստեղ կարող ենք երկու հնարավոր հետևության գալ. կա՛մ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի մեջ, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է, կա՛մ [գործ] ունենք համատարած, այսպես ասենք, իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահման հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով որոշ հիվանդություններ պետք է սահմանափակում լինեն ոչ թե զինծառայության համար, այլ զինծառայության բնույթի:
Փաշինյանն ընդգծեց, որ բանակում թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայության սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի:
Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի հաստատման արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ըստ անհրաժեշտության՝ նրանց բուժումը կիրականացվի զինծառայողի կարգավիճակով, ինչպես նաև հակացուցված ծառայության պայմանները կորոշվեն ըստ հիվանդության արտահայտման աստիճանի։