hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի երկրներին կոչ է արել մուտքի արգելք սահմանել ռուսական քաղաքացիություն ունեցող բոլոր անձանց համար։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
«Այդ ժամանակ նրանք կհասկանան։ Նրանք կասեն. «Դա (պատերազմը) մեզ հետ որևէ կապ չունի։ Ողջ բնակչությունը չի կարող պատասխանատվություն կրել, այդպես չէ՞»։ Կարող է։ Բնակչությունն ընտրել է այդ կառավարությանը և չի պայքարում դրա դեմ, չի վիճում նրանց հետ, չի բղավում նրա վրա»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա կարծիքով՝ «ամենակարևոր պատժամիջոցը սահմանների փակումն է, որովհետև ռուսաստանցիները խլում են օտար հողը»։ Զելենսկին նշել է, որ դա այն քիչ թվով միջոցներից մեկն է Ռուսաստանին կանգնեցնելու Ուկրաինայի տարածքի հետագա բռնազավթումից։ Զելենսկին նաև հայտարարել է, որ ռուսաստանցիները պետք է «ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը»։
Ուկրաինայի նախագահը պնդում է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ են՝ ի համեմատ մեկ տարով ՌԴ քաղաքացիների համար սահմանների փակման և ռուսական էներգակիրների գնման ամբողջական էմբարգոյի։
The Washington Post-ը գրում է՝ որոշ քննադատներ պնդում են, որ բոլոր ռուսաստանցիների համար մուտքի արգելքը անարդար է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք լքել են Ռուսաստանը՝ Պուտինի վարչակարգի և Ուկրաինայի վրա հարձակման նրա որոշման հետ անհամաձայնության պատճառով։
«Միթե՞ դու չես ուզում այդ մեկուսացումը։ Դու ողջ աշխարհին ասում ես, որ նա պետք է ապրի քո կանոններով։ Այդ դեպքում գնա և ապրիր այնտեղ։ Դա միակ տարբերակն է ազդելու Պուտինի վրա»,- Ռուսաստանի քաղաքացիներին դիմելով՝ ասել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է անում նոր պատժամիջոցներ սահմանել այն ֆոնին, երբ ռուսական իշխանությունների կողմից Զապորոժյեի «ղեկավար» նշանակված Եվգենի Բալիցկին հրամանագիր էր ստորագրել մարզի Ռուսաստանին «վերամիավորման» հանրաքվե անցկացնելու մասին։ Հանրաքվեի կոնկրետ օր, սակայն, չէր նշվել։