tert.am: Ղազախստանի մայրքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, հայտնում է Sputnik Ղրղզստանը:
Կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ղեկավարները, բացառությամբ Մոլդովայի և Ուկրաինայի, 2020 թվականից ի վեր առաջին անգամ դեմ առ դեմ են հավաքվում:
Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Համագործակցության շրջանակում փոխգործակցության հարցեր, կքննարկեն և կընդունեն փաստաթղթեր առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար, ինչպես նաև անվտանգության ոլորտում ինտեգրացիոն կապերի հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Հաղորդվում է, որ նախ նիստն անցկացվելու է նեղ կազմով, որից հետո՝ ընդլայնված։
ՌԴ նախագահը նախատեսում է մասնակցել նաև «Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» խորագրով գագաթնաժողովին։
Ակնկալվում է, որ այս միջոցառումների արդյունքներով ՌԴ նախագահը մամուլի ասուլիս կհրավիրի լրագրողների համար։