358 ՄԼՆ ԴՐԱՄԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ՝ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արթիկի համայնքապետարանը 2022-2024 թվականներին շուրջ 358 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել նույն համայնքի ավագանու անդամի հոր ընկերության հետ։
Արթիկ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի հայրը՝ Վահագն Բաղդասարյանը, 1997 թվականին հիմնադրել է «Ճանշին» Փակ բաժնետիրական ընկերությունը և մինչ օրս հանդիսանում է դրա սեփականատերն ու տնօրենը։
«Ճանշին» ՓԲԸ-ն Արթիկ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից՝ մինչև Տիգրան Բաղդասարյանի ավագանու անդամ դառնալը։
Միայն 2022-2024 թվականներին, երբ Տիգրան Բաղդասարյանն արդեն ընտրված ավագանու անդամ էր, ընկերությունը մասնակցել է 10 գնման ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։ Ընդհանուր առմամբ, այս ընկերության հետ կնքված պայմանագրերի գինը կազմել է այդ տարիներին համայնքի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների գումարների 40%-ը կամ 904 միլիոն դրամից 358 մլն դրամը։
«Ճանշին» ՓԲԸ-ի հետ ամենախոշոր՝ 73 միլիոն դրամի պայմանագիրը կնքվել է 2022 թվականի նոյեմբերին․ Արթիկ քաղաքի Տուֆագործներ փողոցի ասֆալտապատման աշխատանքների համար համայնքը բաց մրցույթ է հայտարարել, որի 5 մասնակիցներից հաղթող է ընտրվել «Ճանշին» ՓԲԸ-ն։
Այս ընկերության հետ վերջին պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսին։ Ըստ հայտարարված մրցույթի՝ հաղթող մասնակիցը պետք է իրականացներ Արթիկի 14 բնակավայրերի փողոցների սալապատման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացնելու համար իրականացվել է գնանշման հարցում և «Ճանշին» ՓԲԸ-ն 14 չափաբաժնից 2-ով հաղթող մասնակից է ընտրվել։ Աշխատանքներն իրականացնելու համար ընկերության հետ կնքվել է ընդհանուր 58 մլն դրամի պայմանագիր։
Այս թեմայով հարցեր էինք ուղղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին, այդ թվում խնդրել էինք պատասխանել՝ արդյոք համայնքապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկացրե՞լ է իր գործողությունների արդյունքում շահերի բախման իրավիճակի առաջացման մասին։ Համայնքապետն այս գլխավոր հարցն անպատասխան է թողել՝ նշելով միայն, որ մրցույթին մասնակցել են մի քանի ընկերություններ, և հաղթել է ամենացածր գին ներկայացրած ընկերությունը:
Ըստ համայնքապետի՝ ընթացակարգերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այդ թվում շահերի բախման բացակայության մասին արձանագրությունը հրապարակված են Ֆինանսների նախարարության՝ Գնումների էլեկտրոնային հարթակում։ Վերոնշյալ արձանագրությունները, սակայն, ներկայացվում են ընթացակարգը գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ Մինչդեռ մեր հարցը վերաբերում էր այն իրավիճակին, որ համայնքապետը, որպես պատվիրատուի ղեկավար, պետք է մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը շահերի բախմանը վերաբերող հանգամանքների, տվյալ դեպքում՝ նույն խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացներ գրավոր հայտարարություն։
Տեխհսկողություն իրականացրած ԱՁ-ի կասկածելի գնառաջարկը
2022-2024 թվականներին Արթիկ համայնքում իրականացված ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Վահրամ Կնյազյան» անհատ ձեռնարկատերը։ Այս ԱՁ-ն տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցելու՝ ավելի քան 22 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 30 պայմանագիր է կնքել համայնքի հետ, որոնցից 15-ի դեպքում վերահսկել է ճանապարհաշինարարական աշխատանքները։
Այս մրցույթների գնահատող հանձնաժողովների անդամների և Վահրամ Կնյազյանի տվյալներն ուսումնասիրելիս պարզեցինք, որ վերջինիս եղբոր կինը՝ Արփինե Փանոյանը, և հանձնաժողովի անդամներից մեկը՝ Մարիամ Փանոյանը, զարմուհիներ են։
Չնայած այս բարեկամական կապը չի դասվում գնահատող հանձնաժողովի անդամների՝ որոշումներին մասնակցությունը սահմանափակող ազգակցական կամ խնամիական կապերի շարքին, սակայն Ֆինանսների նախարարությունից պարզաբանեցին, որ եթե բացահայտվի, որ նման իրավիճակում եղել է տնտեսական շահ, ապա դա կհամարվի խախտում, ու դրանով արդեն պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։
Ի թիվս վերոնշյալ պայմանագրերի, Արթիկ համայնքը «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հետ 2023թ․ կնքել է մի պայմանագիր, համաձայն որի՝ ԱՁ-ն ընդամենը 10 հազար դրամով պետք է իրականացներ Արթիկի փողոցներում «Ճանշին» ՓԲԸ-ի՝ շուրջ 50 մլն դրամ արժեցող վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների տեխհսկողությունը։
Տեխհսկողության աշխատանքների նախահաշվային գինը, սակայն, առաջին չափաբաժնի դեպքում եղել է 673 հազար, երկրորդ չափաբաժնի դեպքում՝ 345 հազար դրամ։ Մրցույթին մասնակցել է երկու ընկերություն, սակայն դրանց գնառաջարկների տարբերությունն առնվազն տարօրինակ է․ առաջին մասնակիցը՝ «Տեխ․ հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ն, առաջին չափաբաժնի համար ներկայացրել է՝ 429 հազար դրամ, իսկ 2-րդ չափաբաժնի համար՝ 221 հազար դրամ գնառաջարկ։ Իսկ երկրորդ մասնակիցը՝ «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն, երկու չափաբաժինների դեպքում էլ առաջարկել է աշխատանքներն իրականացնել ընդամենը 5000-ական դրամով։
Այս առաջարկը ոչ միայն ցածր է նախահաշվային գնի համեմատ, այլ նաև հարցեր է առաջացնում աշխատանքի իրականացման որակի վերաբերյալ․ Ըստ տեխառաջադրանքի՝ ընկերությունը պետք է իրականացներ տեխնիկական հսկողությունը նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա և ապահովեր փոսորակների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների իրականացումը անհրաժեշտ որակով և պայմանագրային փաստաթղթերին համապատասխան։
Հսկողության շրջանակում ընկերությունը պետք է պարբերաբար լուսանկարեր աշխատանքների վիճակը, ապահովեր կատարվող աշխատանքների համապատասխանությունը պայմանագրի պայմաններին, շինարարական նորմերին և կանոններին, պայմանագրային պարտավորությունների կատարման շեղում հայտնաբերելուց անհապաղ տեղեկացներ պատվիրատուին, ստուգեր և վերահսկեր շինարարական աշխատանքների որակը և ընթացքը, կատարեր որակի և քանակի ամենօրյա հսկում՝ համապատասխան նշում կատարելով մատյանում և այլն։
Համայնքապետարանից խնդրեցինք տրամադրել աշխատանքների ընթացքում կատարված լուսանկարները։ Մեր հարցմանն ի պատասխան՝ համայնքապետարանից տրամադրեցին որոշ լուսանկարներ, նաև նշեցին, որ դրանք հրապարակված են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում (1,2,3):
Համայնքապետարանից մենք, իհարկե, հետաքրքրվեցինք, թե այդ ինչպես է ԱՁ-ի հետ կնքվում ընդհանուր 10 հազար դրամանոց պայմանագիր, երբ կատարված աշխատանքների նախահաշվային գինը 100-ապատիկ ավելի է եղել։ Համայնքապետարանից պատասխանեցին․
«Աշխատանքների կատարման որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների իրականացնելու գումարը սահմանում է նախագծող կազմակերպությունը՝ աշխատանքների կատարման նախահաշվային գումարի 2% տոկոսի սահմաններում: [․․․] Վահրամ Կնյազյան ԱՁ-ն ներկայացրել է հրավերի պահանջներով և գնումների մասին օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը և ստացել ամենաբարձր գնահատական (ՄԳ) ինչը վկայում է, որ ունի տվյալ փորձառությունը և կարող իրականացնել որակյալ տեխնիկական հսկողություն ասֆալտապատման աշխատանքների կատարման ծառայությունների մատուցման»։
Համայնքապետարանի պատասխանի նշյալ հատվածը ներկայացվել է առանց ուղղումների։
Համայնքապետարանի այս պատասխանից ենթադրվում է, որ եթե, օրինակ, ասֆալտապատման աշխատանքն արժե 50 մլն դրամ, ապա հսկողության արժեքը կարող է լինել մինչև 1 մլն դրամ։
Հարց է առաջանում՝ իսկապե՞ս հնարավոր է ընդամենը 10 հազար դրամով պատշաճ վերահսկել 50 մլն դրամ արժողությամբ ասֆալտապատման աշխատանքների որակը։ Այս հարցի պատասխանը գտանք դատարանի որոշման մեջ։
Դատարանն անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները՝ արձանագրելով ընթացակարգային և օրենսդրական խախտումներ
Մրցույթի արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊ ընկերությունը դատարանում վիճարկել է Արթիկի համայնքապետարանի անցկացրած մրցույթի արդյունքները, որոնց համաձայն հաղթող էր ճանաչվել Վահրամ Կնյազյան ԱՁ-ն։ «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊ ընկերությունը պնդել է, որ մրցույթի ժամանակ խախտվել են մի շարք նորմեր, և գործընթացը չի եղել արդար ու թափանցիկ։
Ըստ ընկերության՝ Հանձնաժողովը մրցույթի երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչել Վահրամ Կնյազյանի ԱՁ-ին, որը երկու դեպքում էլ առաջարկել է ընդամենը 5000 դրամ։ Ըստ ընկերության՝ այդ գնով որակյալ հսկողություն ապահովելը պարզապես անհնար է։
«․․․ ակնհայտ է դառնում, որ առաջարկված 5000 դրամ գինը ողջամիտ չէ և չի կարող 5000 դրամով նույն որակով մատուցվել այն ծառայությունը, որի իրական արժեքը բարձր է առաջարկվող գնից 99 տոկոսով։ Հանձնաժողովի համար նշված գները որևէ կասկած ևս չեն հարուցել: Իսկ թե ինչու էր Հանձնաժողովը շահագրգիռ որպեսզի «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ հաղթեր այս ընթացակարգում մնում է միայն ենթադրել»
Ընկերության դիրքորոշման նշյալ հատվածը ներկայացվել է առանց ուղղումների։
Ըստ հայցվորի՝ Հանձնաժողովը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները, հրավերի պահանջների չհապամատասխանելու հիմքով ոչ միան չի մերժել «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ի հայտը, այլև այդ հայտը բավարար գնահատելով՝ ճանաչել է երկու չափաբաժիներով ընտրված մասնակից:
«Նման պայմաններում, ակնհայտ է, որ պատասխանողի կողմից, ի դեմս վերջինիս անունից գործող ընթացակարգի հանձնաժողովի, թույլ է տրվել գնումների օրենսդրության խախտում, օբյեկտիվորեն չի գնահատվել մասնակիցների հայտերը, որի արդյունքում խախտվել է հավասար պայմաններում մրցակցության և ոչ խտրական հիմունքներով ընթացակարգը կազմակերպելու սկզբունքները»։
«Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊԸ
Պատասխանողը՝ Արթիկի համայնքապետարանը, իր դիրքորշման մեջ անդրադարձել է միայն վաղեմության ժամկետներին՝ նշելով, որ հայցադիմումը ներկայացվել է մի քանի օր ուշ, և դատարանին խնդրել է հայցը մերժել։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն Արթիկի համայնքապետարանի այս միջնորդությունը մերժել է՝ գտնելով, որ հայցը ներկայացվել է հիմնավոր պատճառներով՝ չնայած բողոքարկման ժամկետի խախտմանը։
Դատարանը, մանրամասն ուսումնասիրելով Արթիկի համայնքապետարանի կազմակերպած մրցույթի փաստերը, արձանագրել է, որ «Հանձնաժողովը «Վահրամ Կնյազյան» Ա/Ձ-ի կողմից առաջարկվող գնի հաշվարկ չներկայացնելու պայմաններում վերջինիս հայտը բավարար գնահատելով և ընտրված մասնակից ճանաչելով խախտել է նաև մասնակիցների միջև հավասարության պահպանման սկզբունքը, հետևաբար Հայցվորի պնդումներն այս մասով ևս հիմնավոր են»։
Դատարանը որոշել է, որ ՇՄԱՀ-ԳՀԽԾՁԲ-23/24 ծածկագրով գնանշման հարցման մրցույթի արդյունքները, որոնցով Վահրամ Կնյազյան ԱՁ-ն ճանաչվել էր հաղթող երկու բաժիններով, պետք է անվավեր ճանաչվեն։
Արթիկի համայնքապետարանը բողոքարկել է դատարանի այս վճիռը, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Արթիկ համայնքի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը՝ ևս մեկ անգամ արձանագրելով, որ Հանձնաժողովը պարտավոր էր հայտն անբավարար գնահատել և այն մերժել, ինչը չի արել։
Հատկանշական է, որ Արթիկի համայնքապետարանը մրցույթի մասին մեր հարցմանը պատասխանելիս չի էլ հիշատակել դատարանում քննված գործի մասին, դեռ ավելին՝ պնդել է, որ Վահրամ Կնյազյան ԱՁ-ի առաջարկը համապատասխանել է սահմանված պահանջներին
Սա համայնքային թափանցիկության և հանրային հաշվետվողականության խնդիր է․ Արթիկի համայնքապետարանը ոչ միայն անցկացրել է մրցույթ, կնքել է պայմանագիրը և թույլ տվել աշխատանքների իրականացում՝ խախտումներով ներկայացված հայտի հիման վրա, այլև դրանից հետո չի կատարել դատարանի վճիռը և հանրությանը չի տեղեկացրել դատական գործընթացի մասին։
Ավագանու անդամը չի հայտարարագրել հոր ընկերության մասնակցությունը՝ չնայած օրենքի պահանջին
Արթիկ համայնքի պաշտոնական կայքէջից և Արթիկի ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև «Ճանշին» ՓԲԸ-ի փոխտնօրենն է։
Օրենքը սահմանում է, որ պաշտոնատար անձը պետք է հայտարարագրի իր և իր ընտանիքի անդամների մասնակցությունը առևտրային կազմակերպություններում և ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում։ Սակայն, Տիգրան Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրերում (2022 և 2023) առկա չեն նշումներ ոչ իր՝ ընկերությունում փոխտնօրեն լինելու մասին, ոչ էլ իր հոր՝ «Ճանշին» ՓԲԸ-ում մասնակցության մասին տվյալները։ Մեր հարցին, թե ինչու նա չի հայտարարագրել այս փաստը, Տիգրան Բաղդասարյանը պատասխանեց, որ դա զուտ տեխնիկական խնդիր է։
«Ինչ-որ դիտավորյալ հարց չկա, բոլորն էլ գիտեն, որ 30 տարուց ավելի է ընկերությունն իմ հորն է պատկանում։ Տեխնիկական խնդիր է եղել երևի»։
Տիգրան Բաղդասարյան
Ի՞նչ որոշումներ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ համանման դեպքերի վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման մասին նախկինում իր կայացրած որոշումներում (1,2,3,) արձանագրել է, որ որևէ ձևով դրսևորված փոխկապակցվածության դեպքում տվյալ պաշտոնյան մինչև որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել:
Ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանը և համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ՔՊ կուսակցության և ավագանու համանուն խմբակցության անդամ են։ Ի պաշտոնե լինելով համայնքային գնումներում պատվիրատուի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանը ընթացակարգերում շահերի բախման իրավիճակի՝ համայնքային գնումներում իր խմբակցության ավագանու անդամի հոր ընկերության մասնակցության վերաբերյալ պետք է գրավոր հայտարարություն ներկայացներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ պատասխանեցին, որ «Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կողմից 2022-2024 թվականներին շահերի բախման իրավիճակների վերաբերյալ գրավոր հայտարարություններ Հանձնաժողով չեն ներկայացվել»:
Նշենք, որ ավագանու անդամ Տիգրան Բաղդասարյանը նույնպես շահերի բախում չի տեսնում իր հոր ընկերության՝ համայնքային գնումներին մասնակցության մեջ։
«Ընդհանրապես շահերի բախում չի կարող լինել, որովհետև ընտրությունը լինում է արդար։ Մրցույթներ կան, որ «Ճանշին» ՓԲԸ-ն 25 %, 30 % գնիջեցումով հաղթում է։ Ընկերությունը տարեկան ընդամենը երկու երեք տենդերների է մասնակցում, այնպես չէ, որ շատ է մասնակցում։ էլեկտրոնային տարբերակով է մրցակցությունը, էնտեղ ի՞նչ շահերի բախում կարող է լինել»։
Տիգրան Բաղդասարյան
Համայնքները գնումների գործընթացում հաճախ առաջնորդվում են բացառապես «Գնումների մասին» օրենքով, հաշվի չառնելով շահերի բախման ռիսկերի վերաբերյալ այլ իրավական կարգավորումները։ Մենք առանձնացրել ենք այն կարևոր հոդվածները, որոնցում առկա են նման կարգավորումներ։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300 000 դրամով։
Այսպիսով՝ չնայած նրան, որ Արթիկ համայնքի ղեկավարը պարտավոր էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել շահերի բախման իրավիճակի վերաբերյալ հայտարարություն և ձեռնպահ մնալ այդ հարցի վերաբերյալ գործողություններ կատարելուց, ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ վերջին երեք տարվա ընթացքում կնքել է 358 մլն դրամի պայմանագիր։ Համայնքի ղեկավարը, սակայն, այդ գնումներում շահերի բախման ռիսկ չի տեսնում։ Իսկ ավագանու անդամն էլ չի հայտարարագրել իր ընտանիքի անդամի մասնակցությունը համայնքային գնումներին մասնակցած առևտրային կազմակերպությունում։
