ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա Սևանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին՝ հիմնվելով համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» ուսումնասիրության վրա։ 

«Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2020-2024 թվականներին Սևան համայնքի կատարած գնումները և արձանագրել, որ Սևանի համայնքապետարանի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների շուրջ 76%-ն իրականացվել է համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ։

Ուշագրավ է այն, որ համայնքի ավագանու անդամ Արմեն Ալավերդյանի ընկերությունը մասնակցել է 2020-2024 թվականների ասֆալտապատման գնումների 19 ընթացակարգերից 18-ին և հաղթել 17-ում, իսկ մյուս երկու ընթացակարգերին մասնակցել և հաղթել է համայնքի բնակավայրերից մեկի ղեկավարի հորը պատկանող ընկերությունը։ 

Միայն 2022-2024 թվականներին, երբ Արմեն Ալավերդյանն արդեն ավագանու ընտրված անդամ էր, ընկերությունը մասնակցել է գնման 11 ընթացակարգի, որից 9-ում ճանաչվել է հաղթող մասնակից՝ կնքելով ընդհանուր 2․7 մլրդ դրամի պայմանագիր։

«Ինֆոքոմին» տված գրավոր պատասխանում Սարգիս Մուրադյանը նշել է, որ համայնքի ավագանու անդամի փոխկապակցվածությունն իրավաբանական անձին չի սահմանափակում տվյալ իրավաբանական անձի մասնակցությունը համայնքի կազմակերպած գնման ընթացակարգերին։ 

Նշենք նաև, որ Արմեն Ալավերդյանը ոչ պաշտոնի ստանձնման, ոչ էլ 2021, 2022, 2023 թվականների տարեկան հայտարարագրերում չի նշել «Ճան շին» ՍՊԸ-ում իր մասնակցության մասին տվյալները՝ իր 49 տոկոս մասնաբաժինը և տնօրեն լինելու հանգամանքը։

Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձի ընկերության հետ՝ առանց այդ մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու։

Միաժամանակ Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։

Այսպիսով, հաշվի առնելով, որ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ինչպես նշված է ԿԿՀ որոշման մեջ, «կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ», Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է 300 000 դրամի չափով տույժ։

Ի դեպ, ԿԿՀ-ի նախաձեռնած վարույթի շրջանակում համայնքապետը հնարավորություն է ունեցել ներկայացնել դիրքորոշում եւ պարզաբանում։ Սարգիս Մուրադյանը, սակայն, ինչպես երեւում է ԿԿՀ-ի որոշումից, այդ հնարավորությունից չի օգտվել։

«Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև ՍտեփանավանՔաջարան և Գավառ համայնքներում։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.