factor.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բոյկոտի ֆոնին՝ այսօր «Միասնություն» դաշինքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին ավագանին օրենքի ուժով ընտրված համարեց համայնքի ղեկավարի պաշտոնում։ Մարտի 30-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Գրիգորյանը 57 տոկոս ձայն էր հավաքել։
Ավագանու առաջին նիստին չէին մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» ավագանու անդամները և համայնքի նախկին ղեկավար «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Դավիթ Մինասյանը։ Նրա կուսակից ավագանու մյուս անդամը ներկա էր նիստին և կողմ քվեարկեց բոլոր որոշումներին։ Ավագանին որոշեց՝ նորընտիր համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը կերդվի ապրիլի 19-ին։ Հենց այդ օրը Վոլոդյա Գրիգորյանը կստանձնի համայնքի ղեկավարումը։
Նիստի օրակարգը սպառվելուց հետո Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ չէր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոյկոտը. «Նիստերին մասնակցել-չմասնակցելը ՔՊ-ի որոշելիքն է, ինչ գործելաոճ ուզում է՝ թո՛ղ ընտրի, մենք մեծամասնություն ենք և ծառայելու ենք ի շահ համայնքի, ի շահ մեր բնակչի և ոչ մի խոչընդոտ չենք տեսնում այստեղ։ Իմ քաղաքական թիմն ունի մեծամասնություն, և հանգիստ կարող եմ համայնքը ղեկավարել, ես ասել եմ և կրկին հաստատում եմ՝ համայնքը ղեկավարելու համար որևէ առաջարկություն չեմ արել «Քաղաքացիական պայմանագրին» և չեմ էլ պատրաստվում»,- նշեց Գրիգորյանը։
Անդրադառնալով հարցին, որ համայնքում դեռևս չավարտված ծրագրեր կան և հնարավոր է՝ կառավարությունը ֆինանսավորումը ձգձգի, որպեսզի դժգոհություններ առաջացնի համայնքի ղեկավարի շուրջ, Գրիգորյանը նշեց՝ միշտ կապի մեջ է լինելու բնակիչների հետ ու այդ մասին կտեղեկացնի բոլորին։
Հիշեցնենք՝ մարտի 30-ին Փարաքար համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ավագանու 7 մանդատ, «Միասնություն» դաշինքը՝ 12, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2:
«Կայունություն» կուսակցությունն անցողիկ շեմը չի հաղթահարել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Փարաքարում 20 967 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11 528-ը։
Անվավեր է ճանչվել 23 քվեաթերթիկ։ Անճշտությունների թիվը 106 է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 3669 քվե, «Միասնություն» դաշինքը՝ 6508, «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցությունները համապատասխանաբար՝ 900 և 426 քվե։