Երևանի ավագանու որոշմամբ Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Արմեն Փամբուխչյանը համոզմունք է հայտնել, որ հանգստի այս գոտին իր հերթին կդառնա երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը:
Միջոցառման շրջանակում հայ և ղազախ պատանիներն ու երիտասարդները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։