azatutyun.am: Հռոմի պապը այսօր Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
«Տոնական այս օրը եկեք հիշենք Հարավային Կովկասն ու աղոթենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը շուտով ստորագրվի ու իրագործվի՝ ճանապարհ հարթելով տարածաշրջանում երկար սպասված հաշտության համար»,- ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։
Սուրբ Պետրոսի հրապարակից հղած ուղերձում Ֆրանցիսկոս պապը նաև իր զորակցությունն է հայտնել Իսրայելին, միաժամանակ ընդգծել Գազայի ժողովրդի տառապանքները՝ կոչ անելով հակամարտող կողմերին հրադադար հաստատել և ազատ արձակել գերիներին։ Հիշատակելով մոլորակի այլ հատվածներում շարունակվող հակամարտությունները՝ Հռոմի պապը դիմել է քաղաքական առաջնոդներին՝ կարիքավորներին օգնելու, խաղաղություն տարածելու խնդրանքով։