ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարությունից, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Փոխնախարարը նշել է, որ այս հանցատեսակի դեմ արդյունավետ պայքարը նախարարության օրակարգում է՝ սահմանային կառավարման և կանխարգելման քաղաքականության շրջանակում։
Արմեն Ղազարյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը՝ հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից՝ առանձնացնելով միգրացիոն, ոստիկանական և սահմանապահ առաքելություն իրականացնող ծառայությունների վարած միասնական քաղաքականությունն ու համատեղ նախաձեռնությունները։
Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարում նախարարության գործուն քայլերը, ինչպես նաև այս ուղղությամբ Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության մասին վիճակագրական տվյալներ։
Անդրադարձ է կատարվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ հարցերով խորհրդի աշխատանքների և 2023-2025 թվականների ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին:
Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք թիրախային հարցեր։