1lurer.am: Առաջարկում ենք մայիսի 1-ը՝ որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխել այս տարվա և հաջորդ տարվա համար՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը, և ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետը դառնում է նոյեմբերի 1-ը: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 21-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանը՝ արտահերթ նիստի շրջանակում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում՝ մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք դնում, այլև սկզբնաժամկետ, այսինքն՝ հիմա, ըստ օրենքի, մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ, որ օրը ուզեն հայտարարագիր լրացնեն: Բայց մենք նաև սկզբնակետն ենք սահմանում, և հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը: Այսինքն՝ դրանից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը: Սա է ընդհանուր փոփոխությունը»,- ասաց նա:
Փոփոխություն է կատարվում նաև, ըստ Թունյանի, եկամտային հարկի վճարման վերջնաժամկետի առումով, և դա համապատասխանեցվում է հայտարարագրերի ֆիզիկական անձանց վճարած վերջնաժամկետներին:
Համապատասխան որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: