civilnet.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ընդունել է մի խումբ արցախցիների, որոնք նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին իրականացրել Արցախի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով հետ բերել «Արցախից թալանված գումարները»։
Փակ հանդիպման ընթացքում Շահրամանյանն ու ակցիայի մասնակիցները որոշել են նամակով դիմել գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, քննչական կոմիտեի նախագահին՝ ընդունելություն կազմակերպելու համար։
«Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի պապկա ներկայացնելու ենք։ Ուզում ենք, որ բոլոր կառույցների հետ հանդիպում լինի ու նախագահն էլ մեզ հետ լինի»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակից Նահապետ Սարգսյանը:
Գերատեսչությունների հետ հանդիպումներից հետո պարզ կլինի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ու ինչ պահանջներ են ներկայացվելու։
Ապրիլի 18-ին մի խումբ արցախցիներ ակցիա էին իրականացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ՝ պահանջելով իրավական ճանապարհով վերադարձնել «Արցախից թալանված գումարները» և դրանք ուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ընդհանուր առմամբ 467 մլն դոլար է թալանվել Արցախի ներդրումային հիմնադրամից։ Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները Շահրամանյանից պահանջում էին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործը։