azatutyun.am: Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակեց սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում:
«Մեր Սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր և կընդունվեր հանրաքվեի միջոցով, կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը եթե նկատեր, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովը, մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ ևս աշխատել են մեր Սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում՝ նրանք նկատեին էդպիսի պահանջ՝ որևէ երկրի տարածքային ամբողջական[ության դեմ], դա չբարձրաձայնեին», – ասաց Դիլանյանը:
Սահմանադրական դատարանի նախագահը շեշտեց՝ միջազգային իրավունքն է պարտադրում պետություններին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը. – «Չի կարող պետությունը վերցնել և որոշել, որ ինքն ունենալու է այնպիսի իրավական փաստաթուղթ, որում ուղիղ ոտնձգություն է իրականացնելու, իսկ դա հավասար է ուղիղ ոտնձգության, նույնիսկ եթե էդպիսի պահանջ դու ձևակերպում ես, այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, դա միջազգային իրավակարգին հակասող կարգավորում կլինի: Եվ ես համոզված եմ, որ մեր Սահմանադրությունն էլ չունի այդպիսին»:
Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա:
Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը որոշում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, վճռել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Այսօր Բարձր դատարանի նախագահն ընդգծեց՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ. – «Նախաբանում կատարած հղումը ինքն ամբողջ ծավալով հռչակագրին կատարած հղում չէ, նախաբանից դեպի հռչակագիր գնացող հղումը ինքը էնպիսի հղում չէր, որ մենք ասեինք՝ հռչակագիրը ամբողջությամբ տեղափոխվեց և դարձավ Սահմանադրության մաս»:
Շարունակությունը՝ azatutyun.am-ում