Հայաստանում չպետք է լինեն 80 հազար դրամ աշխատավարձ ստացողներ. Նիկոլ Փաշինյան

lragir.am։ Հարկային օրենսգրքով նախատեսվող եկամտային հարկի համահարթեցումը հետևյալ նպատակն ունի` բարձր որակավորում ունեցող մարդիկ պետք է բարձր աշխատավարձ ստանան: Իսկ համահարթեցման արդյունքում սոցիալական անհավասարության որոշակի խնդիրը կլուծվի հետագայում գույքահարկի ոլորտի բարեփոխումների արդյունքում:

Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը պատգամավորի հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նշեց, որ որոշ տնտեսավարողների համար հարկային բարեփոխումներով նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումը խնդիր է առաջացրել: Նա, մասնավորապես, հետաքրքրվեց գազավորված ըմպելիքների հարկման նկատմամբ վարչապետի տեսակետով, նաև գույքահարկի մասով լուրջ ռեֆորմներով:

«Մեր կառավարության ծրագրում դրված է, որ մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք չենք ուզում պայքարել նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ, և մենք այնպես անենք, որ նա լավ ապրի: ՀՀ-ում էժան աշխատուժ չպետք է լինի: Հայաստանում պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ: Եվ մենք բարձր աշխատավարձերի համար եկամտահարկը իջեցնում ենք այս ուղերձը հղելու համար: Մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր դառնալ, սակայն մյուս կողմից տեխնոլոգիական ոլորտի բարձր աշխատավարձերի վրա այնքան հարկ ենք դնում, որ ոչ ոք չցանկանա ներդրում անել: Մենք մարդկանց պետք է մղենք պրոֆեսիոնալ հմտությունների աճեցման»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ Հայաստանում կա տպավորություն, թե բարձր աշխատավարձ ստացողների թիվը շատ ցածր է: «Տպավորություն կա, թե մենք ընկել ենք բարձր աշխատավարձ ստացողների հետևից, և ուզում ենք նրանց ներկայացնել որպես սոցիալական բևեռ` իբր նրանք հարուստներն են: Ես ուզում եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ ՀՀ-ում ոչ ոք աշխատավարձով հարուստ և առավել ևս մեծահարուստ չի»,-նշեց նա:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.