hetq.am: Կառավարության ծրագրով՝ Տավուշի մարզի բոլոր դպրոցներում բնագիտական լաբորատորիաների ներդրման գործընթացն ավարտվել է։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ նախարարի՝ այս տարի լաբորատորիաների ներդման գործընթացը կիրականացվի Արմավիրում և բյուջետային գործընթացով պլանավորված մյուս մարզերում։
«Սա էական ազդեցություն է ունենում կրթության որակի վրա, և մենք այս արդյունքներն արդեն իսկ տեսնում ենք չափորոշիչների փորձնական ներդրման գործընթացի արտաքին գնահատման արդյունքնրով, որը շուտով կհրապարակվի։ Մենք կտեսնենք, որ այն ջանքերը, որ այս օրերին ներդնում ենք կրթության բովանդակության վերափոխման և դպրոցներում կրթության որակի բարելավման շուրջ, իրոք տալիս են արդյուքներ։ Եվ այդ արդյուքները համադրելի են նաև այն բարեփոխումների գործընթացների տեսանկյունից, որոնք իրականացվում են տարբեր երկրներում»,- նշեց նա։
Անդրադառնալով ուսուցիչների վարձատրմանն ու կամավոր ատեսավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ատեստավորված ուսուցիչները աշխատավարձերը միջինում կրկնապատկվել են․
«Ունենք 1565 ուսուցիչներ կամ շահառու ուսուցիչների 5.5 %-ը, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում արդեն իսկ բարձրացված դրույքաչափով և հավելավճարով վարձատրվում են, միջինում աշխատավարձերը կրկնապատկվել են։ Այսինքն, եթե մինչև այդ ուսուցիչների միջին դրույքափաը 125 հազար էր, ապա այս պահին 250 300 դրամ է կազմում կամավոր ատեստավորման հաջող արդյունքի դեպքում։ Մասնակից ուսուցիչների 28 %-ը 300 000 դրամ և ավելի վարձատրության է գնացել»։
Նախարարի խոսքով՝ ատեստավորման գործընթացն այժմ էլ շարունակվում է, նախարարությունը ստացել է 3600 դիմում։ Ատեստավորման համար կարող են դիմել նաև չաշխատող անձինք, որոնք բավարարում են ուսուցչի որակավորմանը։