hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի առավոտյան ժամանել է Վիլնյուսի LITEXPO ցուցահանդեսային համալիր, որտեղ մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը։ Դրա շրջանակներում այսօր կայանալու է «Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստը։
Ինչպես Լիտվայի մայրաքաղաքից փոխանցել է «Интерфакс-Украина» գործակալության թղթակիցը, Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովին ժամանել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի, պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ օրակարգում կլինի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթների, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցերը։
Խոսելով ՆԱՏՕ-ին անդամակցության Ուկրաինային հրավիրելու մասին՝ Վլադիմիր Զելենսկին ասել է. «Եվ այսօր այն, ինչ մենք լսում ենք և հասկանում, այն է, որ մենք կունենանք այդ հրավերը, երբ թույլ տան անվտանգության միջոցները։ Ես ուզում եմ քննարկել բոլոր այդ հանգամանքները մեր գործընկերների հետ»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Համաձայն ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության՝ Երևանի ժամանակով 13:35-ին կկայանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի համատեղ մամուլի ասուլիսը, որը կհաջորդի երկու քաղաքական գործիչների երկկողմ հանդիպմանը։
«Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի» առաջին նիստն էլ, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները, ներառյալ նաև Շվեդիան, նախատեսվում է ժամը 14:00-ին։