Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին հրահանգել է ամեն կերպ պաշտպանել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը. Քանանյան |armtimes.com|

armtimes.com։ Վերջին շրջանում Արցախում քաղաքական ակտիվ գործընթացներ են ծավալվում: Մայիսի 8-ին Արցախում էր նաեւ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում էր տարբեր միջոցառումների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի եւ նրա մերձավոր շրջապատի այլ անձանց հետ: Մայիսի 7-ին էլ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որի ժամանակ տարբեր ելույթներ էին հնչում՝ հիմնական թիրախ դարձնելով ՀՀ ներկա իշխանություններին:

Օրերս թեմայի վերաբերյալ գրառում էր կատարել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տեղի ունեցող պրոցեսների մասին խոսել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ:

-Պարոն Քանանյան, ի՞նչ պրոցեսներ են տեղի ունենում Արցախում: Նկատում ենք, որ Սերժ Սարգսյանն արդեն տեւական ժամանակ է՝ այդտեղ հանդիպումներ է ունենում, միջոցառումների է մասնակցում: Տեղեկություններ ունե՞ք, թե սա ինչով է պայմանավորված:

– Արցախում տեղի են ունենում վտանգավոր գործընթացներ։ Արցախի մնացորդային սերժսարգսյանական վարչախումբը, որը հեղափոխությունից հետո Երեւանի առաջին իսկ հորդորին ընդառաջ ողջ կազմով պատրաստ էր հրաժարական տալ, տեսնելով նոր կառավարության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինչ-ինչ պատկերացումներով կամ հաշվարկներով պայմանավորված թողտվական վերաբերմունքը, հետզհետե «ուշքի» է եկել եւ եռանդով լծվել նոր իշխանության դեմ խարդավանքներին եւ Արցախի բնական հարստության ու բյուջեի վերջնանվագ թալանին։

Մայրաքաղաք Երեւանի դեմ Արցախում գործում են ե՛ւ ներքին ռեւանշին ձգտող ուժեր, ե՛ւ արտաքին շահագրգիռ տերությունը։ Ամիսներ շարունակ Արցախ անընդհատ այցելող միջին մակարդակի գործակալ «փորձագետները» (մասնավորապես հակահայ կայսերապաշտության գաղափարախոս Մոդեստ Կոլերովը), Բակո Սահակյանի նախաձեռնությամբ պարբերաբար հանդիպում են արցախյան գերատեսչությունների աշխատակազմերի հետ, հրահրում հակաերեւանյան տրամադրություններ եւ արտաքին աջակցություն խոստանում Հայաստանի նոր կառավարության դեմ ակնկալվող գործողություններում։

Անհիմն եւ միանգամայն անխոհեմ պատճառաբանություններով Արցախի ներքին կառավարման ուղիղ վարչաքաղաքական պատասխանատվությունից խուսափող նոր կառավարությունը կրակի հետ է խաղում՝ խորացնելով Հայաստանի ազգային անվտանգության դեմ առկա սպառնալիքները։

Բոլորը պետք է շատ հստակ եւ աներկբա գիտակցեն, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Բակո Սահակյանը որեւէ սրբություն կամ զսպող բարոյական արգելակ չունեն։ Հանուն իշխանությանը վերատիրանալու նրանք պատրաստ են վերջնականապես զոհաբերել Հայաստանի ինքնիշխանությունն ու հարազատ Արցախը։ Նրանք մինչեւ իսկ պատրաստ են ներսից փլուզել ռազմաճակատը, որպեսզի ռազմական պարտությունն էլ օգտագործեն ատելի նոր կառավարությունը տապալելու եւ ժողովրդից վրեժխնդիր լինելու համար:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ: Ովքե՞ր են այդ ոմանք եւ ի՞նչ քայլեր են կատարում նրանք:

– Նախ՝ «Արցախի ժողովուրդը» գոյություն չունի․ գոյություն ունեն արցախաբնակ ՀՀ քաղաքացիներ, որոնք հայ եւ Հայաստանի ժողովրդի անբաժան մաս են, անգամ եթե ՀՀ նոր իշխանությունը նախորդների պես շարունակում է ոտնահարել նրանց՝ ՀՀ բարձրագույն իշխանությունը համապետական ընտրություններին մասնակցելու միջոցով ձեւավորելու սահմանադրական իրավունքը։

Առհասարակ՝ շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք չգիտեն, որ Արցախն այսօր էլ ոչ միայն փաստացի, այլեւ իրավաբանորեն ՀՀ ինքնիշխան տարածքի անօտարելի մաս է։ Վերադառնալով վարչապետի գրառմանը՝ պետք է նշեմ, որ հենց նրա՝ 2018-ի հունիսին ի պաշտպանություն Բակո Սահակյանի կատարած հրապարակային քայլերը ոչ միայն օրրանում խեղդել են Արցախում սկիզբ առած հեղափոխական գործընթացները, այլեւ նոր հիասթափությունների, թալանի, քրեական տարրերի աշխուժացման եւ մի շարք ներկա եւ նախկին պաշտոնյաների պետական դավաճանության անուղղակի պատճառ են դարձել։

Այսուհանդերձ՝ հստակ քաղաքական կամքն այժմ էլ կարող է հեշտորեն շրջել իրադարձությունների ներկա բացասական ընթացքը։ Բայց խնդրի բուն՝ ըստ էության լուծումը Արցախի «անկախության» անհեռանկար եւ քայքայիչ հայեցակարգից հրաժարումն է։ Հայաստանում կան փորձագետներ, որոնք կարող են կազմել համապատասխան ճանապարհային քարտեզը։ Ընդ որում՝ սա որեւէ այլընտրանք չունեցող ուղին է։ Վաղ թե ուշ բոլորը կհամոզվեն։

Ավելին՝ armtimes.com

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.