ԵՄ-ն 4,5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական օգնության ծավալը՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար՝ հասցնելով այն 5 միլիոն եվրոյի։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։
Ավելի վաղ հայտարարվել էր ԵՄ-ից 500 000 եվրո օգնություն ուղարկելու մասին, որն ուղղվելու է արտակարգ աջակցությանը։
«Իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կհատկացվի հետևյալ նպատակների համար՝
- աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց․
Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթություն են կանխիկ դրամական օգնությունը, օթևանը, պարենային անվտանգության ապահովումը և ապրուստի միջոցների աջակցություն։
- աջակցություն Լեռնային Ղարաբաղում գտնվող խոցելի մարդկանց։
Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։
Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։