Մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Ինչպես երեկ իր «ֆեյսբուք»-ի էջում գրել էր վարչապետը, նա կներկայացնի 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ արձանագրելով այն մասշտաբային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, լրանում է Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու մեկ տարին։
Նախորդ տարի նույն օրը Ազգային ժողովի հատուկ նիստում Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Խորհրդարանի 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 59 և դեմ՝ 42 պատգամավոր:
Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը խորհրդարանում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Այս իրադարձությունը հաջորդեց ՀՀ ողջ տարածքում ընթացող բողոքի ցույցերին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, ով ԱԺ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետ, իսկ ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց։
Նշենք նաև, որ պաշտոնավարման այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու նպատակով։