1988 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանը հեռացավ, ժողովուրդը նրան նորից ընդունեց։ 1998-ին, երբ Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց, տասը տարի անց ժողովուրդը նորից ընդունեց նրան։ Հիմա, 2018-ին, երբ Սերժ Սարգսյանը հեռացել է, կարծես թե չի պատրաստվում պահպանել այդ տասը տարվա ցիկլը, եւ հայտարարում է, որ շուտով ասուլիս կտա եւ այլն։ Ի՞նչ եք կարծում, արդյոք Սերժ Սարգսյանին կհաջողվի՞ իր շուրջը համախմբել հանրությանը։ Նման հարցով այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետին դիմեց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը մեջբերում արեց հայտնի «Միմինո» ֆիլմից․
««Միմինոն» նայել ե՞ք, որ ասում է՝ «Такие вопросы задаете, что неудобно отвечать»»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Էդ որ Սերժ Սարգսյանը ասուլիս ա տալու, էդ շատ լավ ա, և ես հույս ունեմ, որ էնտեղ կհնչի հետևյալ հարցը՝ պարոն Սարգսյան, էդ ինչպե՞ս էր, որ ՀՀ բանակի զինվորը մայկա-տրուսիկ չուներ, իսկ ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր են պաշտոնապես: Այս հարցին երբ կպատասխանի Սերժ Սարգսյանը, այդ ժամանակ ես ձեր հարցին կպատասխանեմ»,- ասաց Ն.Փաշինյանը:
«Սերժ Սարգսյանը հլը էնքան հարցերի պետք է պատասխանի: Իմ կարծիքով՝ մի շարք հարցերի ուղղակի չի կարող պատասխանել։ Հա, ի միջի այլոց, էդ հարցին ոչ միայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, այլև Ռոբերտ Քոչարյանը, այլ պաշտոնյաներ, թե ինչու իրենց երեխեքը, փեսեքը, եղբայրներն ու քույրերը միլիոնատեր են դարձել: Խնդրում եմ մենակ չասեն, թե նրանք բիզնեսով են ուղղակի զբաղվել: Հիմա որևէ մեկն ուզում է ասի, որ իմ որդին Հայաստանում կարա՞ բիզնեսով զբաղվի ու միլիոնատեր դառնա ու ասենք` դե բիզնեսով ա զբաղվել, միլիոնատեր ա դարձե՞լ, չի լինի էդպիսի բան»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` եթե պարզվի, որ իր պաշտոնավարման ընթացքում ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր է դարձել, ինքը հաջորդ պահին պետք է բանտում լինի: «Չի լինի էդպիսի բան, ամեն դոլարի համար պետք է պատասխան տալ»,- ասաց վարչապետը։