«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ղազախստանի նախագահի հայտարարությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ղազախստանի նախագահի հայտարարությանը՝ խստորեն դատապարտելով այդ երկրի դիրքորոշումը, որով լռելյայն համաձայնության կնիք է դրվում ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված բոլոր հանցանքների վրա։

Համահայկական միության հայտարարության մեջ նշված է. «Օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից արված խիստ կողմնակալ հայտարարությունները մեծ հիասթափություն են առաջացնում։ Ղազախստանի նախագահն իր ժողովրդի անունից մեծ ոգևորությամբ է արտահայտվել Ադրբեջանի ռազմական հաջողությունների վերաբերմամբ։ Ստացվում է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արժևորելով, Ղազախստանի նախագահն իր և իր ժողովրդի անունից լռելյայն համաձայնության կնիք է դնում այն բոլոր հանցանքների վրա, որ իրականացվել է ադրբեջանական վարչակարգի կողմից։

2020-2023 թթ․ և դրանից հետո ադրբեջանական «հաղթական» տարեգրությունը ոչ այլ ինչ է քան մարդկության դեմ ուղղված հանցանքների անթվարկելի շղթա։ Ադրբեջանը քանիցս պետական մակարդակով խոստովանել է իր պատերազմասիրությունն ու բանակցություններից շարունակաբար հրաժարվելու միտումները, ինչը իրապես հղի է մեծ ողբերգություններով։

Նշանակում է, որ Ղազախստանը ևս սատարում է աշխարհում ուժի միջոցով խնդիրների լուծման մեթոդները, սատարում է հումանիտար աղետներ հարուցելն ու էթնիկ զտումներ իրականացնելը, նշանակում է Ղազախստանը ևս պատրաստ է աչք փակել Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-ազգային մշակութային ժառանգության ցինիկաբար ոչնչացման փաստի վրա։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ հանցակցություն։ Եթե Ղազախստանի նախագահն իրապես առաջնորդվեր արդարության վերականագնման ազնիվ մղումներով, ապա կպահանջեր Ադրբեջանի նախագահից անհապաղ քայլերի դիմել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի բռնի տեղահանաված հայության անօտարելի իրավունքների վերականգնման ուղղությամբ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ղազախստանի նման դիրքորոշումը։ Վարչակարգերը գալիս և գնում են, սակայն ողջ պետության անունից արված անկշռադատ արտահայտությունները մնում են՝ ստվերելու տասնամյակներով ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մենք պահանջում ենք վերանայել այս հանցածին մոտեցումը, որը կարող է ապագայի աղետների պատճառ դառնալ, և հորդորում չջանալ հաճոյանալու այն վարչակարգին, որը հաստատվել է սեփական ժողովրդի կամարտահայտման հատկության տոտալ ոչնչացման միջոցով և ճիգեր է գործադրում աղետաբեր բարքերն արտահանելու նույնիսկ տարածաշրջանից դուրս»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.