Պետք է մեկտեղենք ջանքերը՝ այնպիսի միջավայրի ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված կլինեն․ ՀՀ ՄԻՊ ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․

«Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակով Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ուղղված է մեր երկրում խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելմանը:

Տարեկան ու արտահերթ զեկույցներում Պաշտպանը մշտապես է ընդգծել վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և աջակցման այլ մեխանիզմների բացակայությունը։ Սա առաջնահերթ խնդիր է, որը պետության կողմից պետք է պատշաճ հասցեավորվի։

Խիստ կարևոր է նաև խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքներին հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրումը։ Պաշտպանի աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։ Այդ հանգամանքը խիստ մտահոգիչ է։

Պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի խոշտանգման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ։ Ավելին, այդ դեպքերին պետք է արձագանքել արագ ու համարժեք, հետևողական լինել արդյունավետ քննության ապահովման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից։

Այդ առումով մեր պետությունում առկա են տարատեսակ խնդիրներ, որոնք ունեն շուտափույթ հաղթահարման անհրաժեշտություն։ Վստահ եմ` պետք է մեկտեղենք ջանքերը` մեր ամենօրյա աշխատանքով Հայաստանում այնպիսի միջավայրի ձևավորման նպատակով, որտեղ խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի այլ ձևերը բացառված կլինեն։

Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությանը, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու առումով։ Այդ հանգամանքն անընդունելի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի որդեգրած բոլոր արժեքների տեսանկյունից, և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.