Խորհրդարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 12-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:

Հյուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների տեսակետներին: Ռոզարիա Պուլյիզին ներկայացրել է մեր երկրում ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող ծրագրերը՝ փաստելով, որ դրանք կյանքի են կոչվում համաձայն տվյալ երկրի պահանջարկի:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնումը գոյություն ունեցող ձեւաչափերում, ընդգծել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանն արժեւորել է օրենսդրական մակարդակում նախաձեռնությունների իրագործումը, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն է եւ ուրույն դեր ունի ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում:

Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է իրենց խմբակցության՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը արդարադատության ոլորտի բարեփոխումների, վեթթինգի գործընթացի, տնտեսական հեղափոխության իրականացման, հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ:

ԱԺ նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ խնդիրների հաղթահարումը պետք է իրականացվի համադրության ճանապարհով. դատական ոլորտի առողջացմանը զուգընթաց կառավարությունը պետք է ջանքեր գործադրի տնտեսական ու սոցիալական բեկումնային փոփոխություններ իրագործելու ուղղությամբ:

Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարեւորել է տնտեսական գրավչության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում մրցունակության ապահովումը, հանքարդյունաբերական քաղաքականության վերանայումը, ներդրողների համար ընթացակարգերի պարզեցումը եւ արտոնությունների սահմանումը, ազատ տնտեսական գոտիների ձեւավորումը, որի նպատակն է օտարերկրյա ներդրումների խթանումը:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ուղղությունները մի շարք ոլորտներում:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը :

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ խմբակցության ղեկավարը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, անցումային արդարադատությանը:

Լիլիթ Մակունցը կարեւորել է կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումը, ինչպես նաեւ չկոռումպացված եւ վստահելի դատական համակարգ ունենալը:

Նույն օրը Ռոզարիա Պուլյիզիի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը:

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է խմբակցության տեսակետն անցումային արդարադատության, դատավորների նկատմամբ վեթթինգի կիրառման, տնտեսական հեղաշրջման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.