hetq.am։ Ռազմարդյունաբերության կոմիտեն կմիացվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով:
Այդ նպատակով կկատարվեն նաև վերաբաշխումներ պետական բյուջեում: Մասնավորապես՝ «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի կատարման համար նախատեսված 2,9 մլրդ դրամից 2,84 մլրդ դրամը պաշտպանության նախարարությունից կհատկացվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ 76 միլիոն դրամը` պաշտպանության նախարարության «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին:
Նշենք, որ ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է պաշտպանության նախարարության կազմում։ Այն մշակում է ռազմաարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի նախագծեր, ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի նախագծեր։