2018թ․ հիմնադրված ուսանողական-քաղաքացիական նախաձեռնություն է։ Այս նախաձեռնության հիմքում 2017թ. աշնանը կազմավորված «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն էր, որը հետագայում վերաճեց առավել լայն շրջանակի կրթական բարեփոխումների պահանջով հանդես եկող «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությանը։
Նախաձեռնությունը բարձրացնում է կրթության որակի, բուհական կոռուպցիայի եւ կուսակցականացման, համալսարանի ինքնավարության եւ ուսանողակենտրոնության հետ կապված խնդիրներ։ Նախաձեռնության անդամները ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ «Թավշյա հեղափոխությանը»՝ կազմակերպելով ուսանողական ակցիաները հեղափոխության ընթացքում։ Նախաձեռնության հիմնադիրներից է ուսանող Դավիթ Պետրոսյանը։