shantnews.am: ԵՄ-ը Փարիզում «նորմանդական քառյակի»-ի գագաթնաժողովում Ռուսաստանից ակնկալում է «նշանակալի քայլեր»: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի վարիչ Ռիչարդ Թիբելսը Բրյուսելում Եվրախորհրդարանի պատվիրակության Ուկրաինայի հետ կապված նիստի ժամանակ, հայտնում է Deutsche Welle-ն:
Ըստ Թիբելսի՝ Բրյուսելում տեսնում են, որ Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են: Միևնույն ժամանակ, ԵՄ-ը մատնանշում է «հուսադրող» ազդանշանները. սեպտեմբերին գերեվարվածների փոխանակում, մի շարք բնակավայրերից ուժերի դուրսբերում, ականազերծում, և նոյեմբերի 20-ին ավարտին է հասցվել Սևերսկի Դոնեց գետի վրայի կամուրջի շինարարությունը:
«Սրանք համարձակ քայլեր էին Ուկրաինայի կողմից»,- նշել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնյան:
Նա կրկին ընդգծել է, որ այժմ Բրյուսելն ակնկալում է Ռուսաստանից «ոչ պակաս նշանակալի քայլեր Մինսկի գործընթացն առաջ տանելու համար», Մոսկվան կարող է դրանք իրականացնել դեկտեմբերի 9-ին Փարիզում նախատեսված «նորմանդական քառյակի» գագաթնաժողովում:
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն ուկրաինական իշխանություններից նոր քայլեր է ակնկալում Դոնեցկի և Լուգանսկի տարածքում Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ «ներառական» մոտեցման համատեքստում, ինչի մասին հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մենք կարծում ենք, որ դեռ կան բաներ, որոնք Ուկրաինան կարող է անել: Մասնավորապես, ուժեղացնել մարդկանց աջակցությունը սոցիալական հարցերում, ինչպիսիք են կառավարության կողմից չվերահսկվող տարածքներում քաղաքացիների կենսաթոշակների վճարումը և ներքին տեղահանվածների ընտրական իրավունքը»,- ասել է Թիբելսը:
Նրա խոսքերով ՝ վերջերս Ուկրաինան ԵՄ-ին խոստացել է մինչև տարեվերջ օրենք ընդունել այդպիսի անձանց ընտրական իրավունքի վերաբերյալ: