ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը , որը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի։ Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ:
«Նախագծով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ, և այդ իրավունքը վերապահել 14 տարին չլրացած անչափահասների խնամակալներին, որոնք ֆիքսված են խնամակալության համակարգում: Առաջարկվում է խնամակալ նշանակված անձանց հաշվառումը խնամակալության նպաստի համակարգում իրականացնել ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչների համաձայն»,-ասաց նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը։
Պատգամավորը նշեց, որ նախագիծը վերաբերում է շուրջ 450 անձի: Բյուջեի ծախսը լինելու է շուրջ 140 մլն դրամ: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Վերջինս նշեց, որ կառավարությունում քննարկումը սահուն է անցել, տեխնիկական փոփոխությունների հետ կապված առաջարկներն ընդունվել են:
«Կառավարությունը դեմ չէ նախագծին: Հիմնական աշխատանքը պետք է արվի կառավարության կողմից կարգը մշակելու ընթացքում, պետք է հստակ չափորոշիչներ որդեգրենք, որպեսզի խուսափենք հնարավոր ռիսկերից»,-ասաց Ուդումյանը։
Ուդումյանը ընգծեց, որ կարող են լինել ընտանիքներ, որոնք այդ համակարգում ընդգրկվելու համար, օրինակ՝ կարող են հրաժարվել երեխայից, և երեխայի խնամքով զբաղվի, ասենք, տատիկը: