ermenihaber.am: Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը։
«1-ին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։
Ըստ թուրք պաշտոնյայի՝ ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, և որոշ հակաթուրքական քաղաքական շրջանակներ իբր միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։
«Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման, ստի ու զրպարտության արշավին»,- ասել է Քալընը։
Նա, շարունակելով թուրքական թեզերի շարադրումը, կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այնուհետև խոսելով 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ դրանք անվանել է Արցախի հարցի լուծման, քաղաքական ու տնտեսական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար արված քայլ՝ զրպարտելով Հայաստանին այդ «քայլն» անպատասխան թողնելու մեջ։
Քալընը նաև խոսել է 2014-ից սկսած Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարանին հղվող «ցավակցական ուղերձի» մասին՝ այն անվանելով Անատոլիայի մարդկանց «համատեղ ցավերը» մեղմելու համար պարզված ձեռք, որն իբր թե անտեսվել է «շահարկում անող լոբբիստական ուժերի» կողմից։